Phone: +374 (261) 24044         

Տարածքգործառնական գոտիներ

ՆՈՐԱՇԵՆԻ ԱՐԳԵԼՈՑ

<<Նորաշենի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հյուսիս-արևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը` 498 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 12.7 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես հայկական որորի, քանի որ այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը:


ԼԻՃՔ-ԱՐԳԻՉԻ ԱՐԳԵԼՈՑ

<<Լիճք-Արգիչի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում` Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1175 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 482 հա, իսկ ջրայինը` 693 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 13.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.8 կմ երկարությամբ և 3.7 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային և ջրային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանությունը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի կողակ և Սևանի բեղլուի ձվադրումն ու զարգացումը:


ԳԻԼԼԻ ԱՐԳԵԼՈՑ

<<Գիլլի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևելյան հատվածում` Գիլլի ջրանցքի, Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1810 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 1325 հա, իսկ ջրայինը` 485 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 23.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 10.4 կմ երկարությամբ և 1.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանությունը` արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրման և զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների պահպանությունը` որպես թռչունների բնադրավայր:


ԱՐՏԱՆԻՇԻ ԱՐԳԵԼՈՑ

<<Արտանիշի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում, ընդգրկում է Արտանիշ թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի` Շորժա համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը: Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա` ջրային: Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:


ԳԱՎԱՌԱԳԵՏԻ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

<<Գավառագետի>> արգելավայրը գտնվում է ազգային պարկի Նորատուս թերակղզու ափամերձ և Գավառագետի գետաբերանային հատվածում, զբաղեցնում է 845 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 552 հա, իսկ ջրայինը` 293 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 26.4 կմ է: Արգելավայրի տարածքը ձգվում է մոտ 7.5 կմ երկարությամբ և 0.5-3.5 կմ լայնությամբ: Արգելավայրի նպատակն է ապահովել Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանությունը և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերի անվտանգությունը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը:


ԳԻՀԻ ԿԱՂՆՈՒՏԱՅԻՆ ՌԵԼԻԿՏԱՅԻՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայրը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում և տարածվում է Դարանակ գյուղից մինչև Ջիլ գյուղ` մոտ 18 կմ երկարությամբ և 1.5-3.8 կմ լայնությամբ: Արգելավայրը զբաղեցնում է 1807 հա մակերես: Տարածքը կտրտված է, հանդես են գալիս տարբեր չափերի 5 հատվածներ, որոնց սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 55.0 կմ: Արգելավայրի նպատակն է ապահովել Սևանա լեռնաշղթայի հարավ- արևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռելիկտային բնական նոսր անտառների պահպանությունը:


ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏԻ

<<Սևան>> ազգային պարկի ռեկրեացիոն գոտիների ընդհանուր տարածքը կազմում է 4753 հա, որոնք առանձին հատվածներով տարածվում են լճի ափամերձ երկայնքով: Պարկի տարածքը ներառում է թվով 8 ռեկրեացիոն գոտիներ:


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

"Սևան" ազգային պարկի տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում` Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիչի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա: Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11184 հա: